Երևանի Գ. Մահարու անվան հ. 176 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1980թ. –ին: Այն զբաղեցնում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի գողտրիկ անկյուն` այգու և եկեղեցու հարևանությամբ: Համայնքի միակ ռուսալեզու դասարաններով դպրոցն է: Առկա է ռուսերենով ուսուցմամբ I-IX դասարաններ, որտեղ դասավանդում են վաստակաշատ մանկավարժներ:
Դպրոցում ուսուցանվում է նաև անգլերեն լեզու III-IX դասարաններում:
Դպրոցում իրականացվում է ներառական կրթություն: Մանկավարժներին աջակցող բազմամասնագիտական թիմը` սոց. մանկավարժ, հատուկ մանկավարժ,հոգեբան, լոգոպեդ սիրով կատարում են իրենց աշխատանքը:
Դպրոցն աշխատում է միահերթ` հնգօրյա աշխատանքային ռեժիմով:
Դպրոցում գործում է երկարօրյայի խումբ, խմբակներ:
Դպրոցը ունի երկու մարզադահլիճ` բավարար մարզական գույքով, հանդիսությունների դահլիճ, ճաշարան, համակարգչային երկու դասասենյակ, հարուստ գրադարան` առանց դասագրքերի գրադարանում առկա են 2500 կտոր գեղարվեստական գիրք: Դպրոցում որպես տնօրեն պաշտոնավարել են` Ռ. Վ. Հարությունյանը, Թ. Ս. Վարդանյանը և Եվ. Ն. Ազարյանը: Իսկ 2011թ. –ից պաշտոնավարում է Մարիամ Հրայրի Խաչատրյանը: Կրթօջախը կարելի է համարել մի փոքրիկ մոլորակ, որը դեպի իրեն է ձգում ոչ միայն այսօրվա, այլև նախկին շրջանավարտներին, որոնց համար դպրոցը հարազատ տուն է: Կրթօջախի շրջանավարտները իրենց ներդրումն ունեն հանրապետության տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, ռազմական և այլ բնագավառների զարգացման գործում, իսկ մյուս մասն էլ աշխատում է արտերկրում` բարձր պահելով հայի արժանապատվությունը:
Հետաքրքիր ու հագեցած է դպրոցի առօրյան: Ուսումնական տարվա առաջին օրվանից կազմակերպվում են միջոցառումներ, նպատակային էքսկուրսիաներ, մարզական մրցույթներ, օլիմպիադաներ, ցուցահանդեսներ,<Կենգուրու>, <Медвежонок>, <Մեղու> , <Ոզնի> մրցույթները, որոնք անցկացվում են բարձր մակարդակով, իսկ աշակերտները բերում են հաղթանակներ և բացահայտվում են տաղանդավոր երեխաներ:Այս բոլորը վկայում են կրթօջախի կենսունակության, դպրության և հոգևոր արժեքների անխախտելի խորհուրդն ու գանձերը ճիշտ ժառանգելու կարողության մասին:
Կրթական ծրագրին ակտիվ մասնակցելու համար դպրոցը ստացել է պատվոգիր: Դպրոցում աշխատում են վաստակաշատ, բանիմաց մանկավարժներ: Մեծ ուշադրություն է դարձվում մանկավարժի ինքնակրթությանը և վերապատրաստմանը: Մանկավարժական առաջավոր փորձը, մանկավարժական ընթերցումները, շերտավորված, անհատական, խմբային ուսուցումը, բաց դասերը, էլեկտրոնային դպրոցի աշխատանքները կրթօջախի անբաժան ուղեկիցներն են: Դպրոցը դաստիարակության դարբնոց է և մանկավարժն է, որ հայոց աշխարհի համար կրթում ու դաստիարակում է , կերտում է պիտանի մարդ: Մնակավարժն է, որ ցուցաբերում է համբերություն, սեր, հոգատարություն, առանց որի ցանկացած իմաստնություն արժեզուրկ է: Աշխարհին ներկայանալու և փորձություններին դիմակայելու միակ միջոցը խելքն ու իմաստնությունն է: Գիտելիքների ձեռքբերման ամեն մի ակնթարթը , մենք` մանկավարժներս, օգտագործում ենք հարստացնելու այն գանձարանը, որը կոչվում է մտքի պաշար:
Դպրոցը ապահոված է լոկալ ջեռուցմամբ, տեղադրված են եվրո պատուհաններ: 1980թ-ից միչև այսօր դպրոցը հիմնովին չի վերանորոգվել,սակայն մասնակի վերանորոգումներով ստեղծել ենք լավագույն պայմաններ` աշակերտների կրթության և դաստիարակության համար: Ունի երկու փոքրիկ խնամված այգի: